Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ
Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ Rich Dad Poor Dad | |
---|---|
Ենթավերնագիր | What The Rich Teach Their Kids About Money – That The Poor And Middle Class Do Not! |
Հեղինակ | Ռոբերտ Կիյոսակի և Շերոն Լեկտեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նոնֆիքշն[1] |
Թեմա | Անձնական ֆինանսներ, ձեռնարկատիրություն, բիզնես, ներդրումներ, տնտեսագիտություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 2000 թվական, ապրիլի 1 |
Էջեր | 207 |
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
Հրատարակման տարեթիվ | 1997 |
OCLC | 43946801 և 168668493 |
Հարուստ հայրիկ, Աղքատ հայրիկ (անգլ.՝ Rich Dad Poor Dad), գիրքը ամերիկացի (ճապոնական ծագմամբ) գործարար, ներդնող, գրող և ուսուցիչ Ռոբերտ Կիյոսակիի և նրա գործընկեր ու հաշվապահ Շերոն Լեկտերի համատեղ աշխատանքն է, հրատարակվել է 2000 թվականի ապրիլի 1-ին։ Գրքում ներկայացված է տարբեր սոցիալական խավերի երկու հայրերի պատմությունը, ցույց տալու համար, թե ինչ են սովորեցնում հարուստ հայրերն իրենց երեխաներին և ինչ չեն սովորեցնում աղքատները։ Այս գրքի հիմնական առաքելությունը ընթերցողին ֆինանսական գրագիտություն սովորեցնելն է (ֆինանսական կրթություն), բիզնես սկսելու և ձեռք բերելու հմտություններ՝ ակտիվների ներդրմամբ, անշարժ գույքի ներդրմամբ։ Ինչպես նաև գիրքը բարձրացնում է ֆինանսական մտածողությունը (ֆինանսական IQ), բարելավվում գործարար և ֆինանսական հմտությունները։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքում կան առակային ոճով գրված հատվածներ, որտեղ Կիյոսակին ներկայացնում է իր կյանքի պատմությունը՝ հիշողություններն իր մանկության, «երկու հայրիկների» և նրանցից ստացած դաստիարակության տարբերությունների մասին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը ֆինանսական կրթության բացերի մասին է, որոնք փչացնում են մարդու կյանքը։ Գիրքը այն մարդկանց համար է, ովքեր չեն հասկանում, թե ուր է կորչում իրենց աշխատած գումարը։ Գրքում խոսվում է մարդկանց մտածողության տեսակների մասին՝ հարուստ և աղքատ մարդկանց մտածողության։ Մարդկանց 95%-ը աղքատ և ընդամենը 5%-ը՝ հարուստ։ Ըստ գրքի հեղինակների պատճառը այն է, որ մարդկանց առաջին խումբը ծախսում է այնքան, որքան աշխատում է, իսկ երկրորդ խումբը ծախսում է այնքան, որքան թույլ է տալիս իրենց ակտիվը՝ գործը, որը իրենք հիմնել են, և որը եկամուտ է բերում իրենց։ Առաջին խումբը աշխատում է ուտելիքի և հագուստի համար, երկրորդ խումբը անգամ եկամուտների աճի դեպքում դրանք ծախսում է ոչ թե հերթական անպետք իրը ձեռք բերելու, այլ շրջանառության մեջ դնելու համար։
Գրքի հերոսը ծնվել էր քաղաքացիական ծառայողի՝ բավական հաջողակ ուսուցչի ընտանիքում, ով վատ չէր վաստակում, սակայն միշտ բախվում էր գումարի չբավականացնելու խնդրի հետ։ Այդ մարդը Ռոբերտ Կիյոսակիի հարազատ հայրն էր, սակայն կար ևս մեկ մարդ, ում Կիյոսակին կոչում էր «հարուստ հայրիկ»։ Դա նրա ընկերոջ՝ Մայքլի հայրն էր՝ ոչ լավ կրթությամբ մի մարդ, ով որոշել էր զբաղվել բիզնեսով և դարձել էր Հավայան կղզիների ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ռոբերտ Կիյոսակիի երկու հայրիկներն էլ սովորեցնում էին նրան իրենց կյանքի արժեքները և տալիս էին միանգամայն տարբեր կրթություն և գիտելիքներ։ Ռոբերտ Կիյոսակիի հարազատ հայրը, ասում էր նրան, որ պետք է լավ սովորել դպրոցում, ստանալ լավ կրթություն և այդ դեպքում միայն կկարողանա գտնել բարձր աշխատավարձով աշխատանք։ Հարուստ հայրիկն ընդհակառակը, կոտրում էր բոլոր կարծրատիպերն ու փոխում տղայի հոգեբանությունը։ Նա գտնում էր, որ մարդկանց 95%-ը սովորում է կանոններ դպրոցում և հետևում դրանց ողջ կյանքի ընթացքում, հենց դրա պատճառով էլ աղքատ է։ Իսկ ահա մարդկության 5%-ը սովորում է այլ կանոններ՝ կյանքի կանոններ։ Հենց այդ կանոններն է բացահայտում Ռոբերտ Կիյոսակին այս գրքում։ Ահա դրանցից մի քանիսը՝
- Հարկավոր չէ աշխատավարձի բարձրացման դեպքում տեղափոխվել 5-սենյականոց բնակարան, որովհետև վարձի չափը կավելանա ձեր աշխատավարձի չափին զուգահեռ։
- Պաշտոնի բարձրացում ստանալով՝ պետք չէ նոր մեքենա կամ թանկարժեք տեխնիկա գնել։
- Պետք չէ տանջամահ լինել՝ աշխատելով հանուն այն բանի, որ թանկարժեք ծխախոտ ծխեք և ընթրեք ռեստորաններում։
- Եթե ունեք մեծ գումար, մի ծախսեք դա ձեր հաճույքի համար։ Ներդրեք դա գործի մեջ, ստեղծեք մշտական եկամուտ:։
Գրքի հիմնական սկզբունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը բացահայտում է հարուստ մարդկանց ֆինանսական գրագիտության գաղտնիքները։ Ռոբերտ Կիոսակին վստահ է, որ հարստության ցուցանիշն ամենևին այն չէ, թե որքան եք վաստակում, այլ այդ վաստակածը խնայելու մեջ է։
- 1. Հարուստները չեն աշխատում փողի համար. փողն է աշխատում նրանց համար։
- 2. Ձե՛ռք բերեք ակտիվներ, ազատվե՛ք պասիվներից։ Ակտիվն այն է, ինչ փող է բերում, իսկ պասիվը փողը հանում է Ձեր գրպանից։
Ակտիվներ են`
- բիզնեսը, որը չի պահանջում իմ ներկայությունը. այն պատկանում է ինձ, բայց ղեկավարվում է այլ անձանց կողմից
- բաժնետոմսեր
- պարտատոմսեր
- պարտավորությունների մատյան
- բաց ներդրումային հիմնադրամներ
- եկամտաբեր անշարժ գույք
- մտավոր սեփականությունից ստացվող հեղինակային հոնորարներ
- 3. Մտածե՛ք Ձեր բիզնեսի մասին։
- 4. Զարգացրե՛ք ֆինանսական գրագիտությունը` հաշվապահական գործ, ներդրում, մարքեթինգ, օրենքներ։
- 5. Աշխատե՛ք սովորել, թե ինչպես կարելի է չաշխատել հանուն փողի։
- 6. Հաղթահարե՛ք խոչընդոտներ`
- վախ
- ցինիզմ
- ծուլություն
- վատ սովորություններ
- թեթևամտություն
- մեծամտություն
Գրքի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը վաճառվել է ավելի քան 32 միլիոն օրինակով[3], ավելի քան 52 լեզուներով, 109 երկրներում։ Գիրքը ստացել է դրական կարծիքներ որոշ քննադատների կողմից։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին հերթին ներդրում արեք ձեր ինքնակրթության և զարգացման մեջ։ Օգտագործեք դրա համար բոլոր հնարավոր տարբերակները, նույնիսկ եթե դրանք ձեզ ձանձրալի թվան։ Անգամ եթե ինչ-որ պահի դուք ամեն ինչ կորցնեք, ձեզ կմնա ձեր խելքը, որի օգնությամբ դուք կկարողանաք շատ արագ ամեն ինչ վերականգնել։ Այնպես որ, երբեք մի ծուլացեք սովորել և բարձրացնել ձեր ֆինանսական գրագիտությունը։
- Կա տարբերություն աղքատ լինելու և սնանկ լինելու միջև։ Սնանկացումը ժամանակավոր երևույթ է, աղքատությունը՝ մշտական։
- Ժամանակը, ըստ էության, մեր միակ ունեցած կապիտալն է։ Սակայն այն հնարավոր չէ կուտակել, փոխանակել կամ գնել։ Այն հնարավոր է միայն ծախսել։ Եվ միակ տարբերությունը հարուստների և աղքատների միջև այն է, թե ինչպես են նրանք ծախսում իրենց ժամանակը։
- Ձեր ապագան ստեղծվում է այն բաներով, որոնք դուք անում եք այսօր, այլ ոչ թե այն բաներով, որոնք դուք անելու եք վաղը։
- Փողի մեծ քանակությունը հազվադեպ է լուծում ինչ-որ մեկի ֆինանսական խնդիրները։ Միայն իմաստությունն է լուծում այդ խնդիրները։
- Մի հայրիկը խորհուրդ էր տալիս՝ շատ սովորիր, որպեսի գտնես լավ ընկերություն, որտեղ կարող ես աշխատել։ Մյուս հայրիկը խորհուրդ էր տալիս՝ շատ սովորիր, որպեսզի գտնես լավ ընկերություն, որը կարող ես գնել։
- Ինքնակառավարման ու վերահսկման համակարգի բացակայությունը ամենամեծ տարբերակիչ գծերից է հարուստ մարդկանց և միջին ու աղքատ խավերի միջև։
- Անցկացնել ողջ կյանքը վախի մեջ՝ այդպես էլ չիրականացնելով և ոչ մի երազանք. դա դաժան է։ Քրտնաջան աշխատել փողի դիմաց և մտածել, որ դրանք քեզ թույլ կտան գնել այն իրերը, որոնք քեզ կդարձնեն երջանիկ. դա սարսափելի է։
- Եթե դուք գտել եք այն գործը, որը ձեզ առավելագույն հաճույք է պատճառում, ապա դա ամենայն հավանականությամբ ձեր կոչումն է, հետևաբար դա ամենակարևոր բանն է, որով կարող եք զբաղվել ձեր կյանքի ընթացքում։
- Աղքատ, անհաջողակ, անառողջ ու դժբախտ մարդը նա է, ով չափազանց հաճախ է օգտագործում «վաղը» բառը։
- Հաղթանակել նշանակում է չվախենալ պարտվելուց։
- Մի վատնեք ժամանակ անիմաստ հարաբերությունների վրա։ Միլիոնատերերի մեծ մասը իրենց ողջ կյանքի համար մեկ ուղեկից են ընտրում։ Իսկ եթե դուք կին եք և ուզում եք հաջողակ լինել, դարձրեք հաջողակ ձեր ամուսնուն, միասին շատ ավելի հեշտ է իրականացնել ընդհանուր նպատակները։
- Խելացի մարդիկ այն մարդիկ են, ովքեր աշխատում են իրենցից խելացի մարդկանց հետ։
- Ձեր ուղեղը կարող է անել ամեն ինչ։ Գլխավորը այն է, որ դուք ինքներդ Ձեզ դա համոզեք։ Ձեռքերը չգիտեն, որ իրենք կարող են բռունցք դառնալ, ոտքերը չգիտեն որ իրենք կարող են վազել։ Այս ամենը միայն գիտի ուղեղը։ Համոզեք Ձեզ, որ դուք ամեն ինչ կարող եք։
- Եթե ցանկանում եք որ Ձեր երեխաները ֆինանասական անկախություն ունենան, ապա մի խաղացեք նրանց հետ խաղի հին կանոններով, դա չափից շատ ռիսկային է։
- Երբ դուք ֆինանսական դժվարությունների մեջ եք, տեղի մի տվեք ճնշմանը, մի օգտագործեք ձեր խնայողությունները կամ պարտք մի վերցրեք։ Օգտագործեք այդ ճնշումը ձեր ներքին ֆինանսական հանճարին մոտիվացնելու համար, որպեսզի նա գտնի ավելի շատ գումար աշխատելու ճանապարհներ։
- Մի ծանրաբեռնեք ձեզ մեծ պարտքերով։ Մի մտեք առնետավազքի մեջ։ Ծախսերը պահեք հնարավորինս ցածր մակարդակի վրա։ Եվ առաջին հերթին ձևավորեք ձեր ակտիվներն ու եկամտի աղբյուրները։ Իսկ հետո արդեն դուք կկարողանաք գնել թե՛ լավ մեքենա, թե՛ մեծ տուն։
- Ժամանակակից աշխարհում շատ կարևոր են վաճառել կարողանալն ու մարքեթինգի հնարքներին տիրապետելը։ Մարդիկ, ովքեր սովորում են վաճառել, ինքնաբերաբար սովորում են նաև շփվել մարդկանց հետ։ Այդպես նրանք արդյունավետ հարաբերություններ են կառուցում ոչ միայն իրենց հաճախորդների, ղեկավարի կամ ենթակաների, այլև ընտանիքի անդամների հետ։ Շփման կարողությունները հասարակության մեջ հաջողության հասնելու գլխավոր պայմաններն են։ Սովորեք գեղեցիկ խոսել, գրագետ գրել և վարել բանակցություններ։
- Հիշեք, որ ամեն մարդ, ով հասել է մեծ բարձունքների, սկսել է փոքրից։ Սկսեք քիչ-քիչ փոխել ձեր մտածելակերպը և կկարողանաք փոխել նաև ձեր իրականությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.hanbooks.com/ridadpodadfo.html
- ↑ Walker, Rob. "If I Were a Rich Dad" in Slate, June 20, 2002.
- ↑ «Top Selling Personal Finance Book of All Time; Rich Dad Poor Dad NOW Available for FREE Download!». www.businesswire.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|